Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Իսլամի գործոնն Ադրբեջանի ազգային շարժումներում

Իսլամի գործոնն Ադրբեջանի ազգային շարժումներում
12.05.2009 | 00:00

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱԴՐԲԵՋԱՆ
Էթնոքաղաքական կամ ազգային-ազատագրական շարժումները նախկին խորհրդային հանրապետություն Ադրբեջանում քաղաքական գրականության մեջ բնութագրվում են իբրև պերմանենտ ակտիվություն դրսևորող շարժումներ։ Դրանք կարելի է համարել «ցածր ինտենսիվություն ունեցող հակամարտություններ»։ Քրդերը, թալիշներն ու լեզգիները ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զգալիորեն ապակազմակերպված էին ռուսական հատուկ ծառայությունների կողմից, նրանց ակտիվիստներն ու առաջնորդները մոլորեցված էին, և այդ պատճառով էլ այդ հասարակական-քաղաքական շարժումները պարտություն կրեցին։ Այնուհանդերձ, այդ ժողովուրդների խնդիրներն Ադրբեջանում լուծված չեն, նրանք կանգնած են «սպիտակ ցեղասպանության» փաստի և հարազատ վայրերից աստիճանաբար դուրս մղվելու վտանգի առջև։ Այդ պատճառով էլ այս ժողովուրդների շարժումներն Ադրբեջանում շարունակում են գոյություն ունենալ, ընդունում են նոր կազմակերպական ձևեր, այդ թվում` իբրև քաղաքական կուսակցություններ։
Դրան զուգահեռ տեղի է ունենում իսլամի, իբրև կրոնի, ինչպես նաև իսլամական կազմակերպությունների նկատմամբ հետաքրքրության ուժեղացում` որպես արտաքին ու ներքին աջակցության հնարավորություն։ Վերոնշյալ ազգային շարժումներում իսլամական գործոնի հզորացումը շատ կողմերով բացատրվում է Եվրամիության և, առհասարակ, Արևմուտքի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայությամբ, երբ վերոնշյալ շարժումների առաջնորդները իշխանությունների կողմից ենթարկվում են հալածանքների կամ սպառնալիքների։ Ի հայտ են եկել էթնիկ բաղադրիչ ունեցող կուսակցություններ. լեզգիական ժողովրդավարական կուսակցությունը, քրդական հավասարության կուսակցությունը և թալիշական ժողովրդական կուսակցությունը։ Սակայն Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություննեը ներկայացնող քաղաքական ու կրոնական կազմակերպությունները, ի տարբերություն այլ կառույցների, իշխանությունը վերցնելու խնդիր չեն դնում։ Կան հիմքեր ենթադրելու, որ լեզգիական և թալիշական կուսակցությունները համակրանք են տածում Ռուսաստանի նկատմամբ և մինչև վերջերս նրա հետ էին կապում իրենց ժողովուրդների ապագան։ Քաղաքական կենտրոնները, պարբերականները, ինտերնետային կայքերը և թալիշական ու լեզգիական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրները գտնվում էին Ռուսաստանում։ Սակայն լեգալ գործող այս կազմակերպությունների կողքին գոյություն ունեն թալիշներին ու լեզգիներին համախմբող ոչ լեգալ կազմակերպություններ։
Ի տարբերություն լեզգիական ու թալիշական կուսակցությունների, Ադրբեջանի քրդական կազմակերպությունները համագործակցում են երկրի հատուկ ծառայությունների հետ` ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի։ Ադրբեջանի հատուկ ծառայություններն օգտագործել են քրդերին Ղազախստանում ու Թուրքմենստանում հետախուզական գործունեության համար։ Առհասարակ, էթնիկական բնույթ ունեցող կուսակցություններում բավական ուժեղ են իսլամական տրամադրությունները, բայց, այնուհանդերձ, նրանց չի կարելի համարել զուտ իսլամական։ Կա մի կարևոր հանգամանք ևս. չնայած իրենց կողմից հռչակվող քաղաքական կողմնորոշմանը, բոլոր նշված կուսակցությունները սկզբունքորեն ազգային կազմակերպություններ չեն, և իրականում ներկայացնում են բացառապես երկրի ադրբեջանական մեծամասնության շահերը։ Հենց դա էլ պատճառ դարձավ, որ Ադրբեջանում ի հայտ գան էթնիկ փոքրամասնությունների իրական կուսակցությունները, որոնք ներկայումս ծայրահեղ հիասթափված են Ռուսաստանից և փորձում են իրենց շահերով հետաքրքրված կենտրոններ գտնել ԱՄՆ-ում, Եվրոպայում, չմոռանալով, իհարկե, Իրանի մասին։
Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունները` լեզգիները, ավարները և քրդերն ավանդաբար սուննի մահմեդականներ են։ Չնայած այն հանգամանքին, որ իսլամը մեծ դեր չի խաղում այդ ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման մեջ, սակայն ազգային գաղափարախոսության չձևավորված լինելն այդ էթնոսների մոտ պայմանավորում է որոշակի կողմնորոշվածությունը դեպի իսլամական գաղափարներն ու արժեքները։ Դա հանգեցնում է ոչ միայն ազգամիջյան, այլև միջկրոնական պայքարի։ Ընդ որում, այնպիսի շարժումները, ինչպիսին է վահաբիզմը, ավելի նախընտրում են սուննի մահմեդականների միջավայրը։ Բացի այդ, Դաղստանի ժողովուրդները, որոնց բնակության գոտին տարածվում է նաև Ադրբեջանի տարածքում, իսլամական քաղաքական ազդեցությունը զգում են նաև Հյուսիսային Կովկասից։
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարում է, որ երկրում չկա ՔԲԿ-ի գործունեության վտանգ։ Այնուհանդերձ, 2003-ի հունիսի 5-ին նախարարությունը հայտարարեց, որ ընդդիմադիր «Eni Musavat» պարբերականը տարածում է «չհիմնավորված ենթադրություններ» Ադրբեջանում ՔԲԿ-ի լայնածավալ գործունեության մասին։ Ադրբեջանական մամուլում հայտնվեց հրապարակումների մի ամբողջ շարք երկրի տարածքում ՔԲԿ-ի գործունեության վերաբերյալ։ Այդ ժամանակ էլ «Eni Musavat»-ը հրապարակեց հոդված Սումգայիթում ՔԲԿ-ի քայքայիչ գործունեության մասին։ Հրապարակումն առաջացրեց լայն հասարակական արձագանք և նույնիսկ քննարկման առարկա դարձավ Ադրբեջանի խորհրդարանում։ Եվրամիությունն ընդգրկեց ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքում։ Բնութագրական է, որ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կուսակցությունը 8-րդ համագումարում փոխեց իր անունը` վերաձևավորվելով իբրև Քրդստանի ազատության և ժողովրդավարության կոնգրես և պաշտոնապես հրաժարվեց զինյալ պայքարից։ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունն ընդգծում է, որ վերջին տարիներին Ադրբեջանում ձերբակալվել է այդ խմբավորման 33 անդամ, որոնցից 14-ը հանձնվել են Թուրքիային, մեկը` Ղազախստանին, մեկը` Ռուսաստանին։ Միայն 2000-2001-ին 4 քրեական գործ է հարուցվել ՔԲԿ-ի 16 անդամների նկատմամբ, որոնք ձերբակալվել են իրանա-ադրբեջանական սահմանն անօրինական հատելու ժամանակ, նրանց թվում` Ադրբեջանի մի քաղաքացի, որը ծառայել է իբրև ուղեկցող։ Բոլոր այդ մարդիկ դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման։
Ադրբեջանի ԱԱՆ-ը նաև տեղեկացնում է այն կազմակերպությունների դեմ պայքարի մասին, որոնց Բաքուն համարում է ահաբեկչական։ Ըստ այդ պնդման, ներկա ղեկավարության օրոք իբր «վնասազերծվել են հարյուրավոր ահաբեկիչներ, դադարեցվել է ահաբեկչական-անջատական «Սադվալ», «Ջեյշուլահ», «Հզբուտ-Թահրիր» խմբավորումների գործունեությունը, երկրից արտաքսվել է 4 արտասահմանյան հումանիտար կազմակերպություն, որոնք ծառայում էին իբրև ծածկույթ միջազգային ահաբեկչական խմբավորումների համար»։ 2007-ի զեկույցում Ադրբեջանի ԱԱՆ-ը նշում է, որ էթնիկական խմբերը երկրում գնալով ավելի են կապում իրենց գործունեությունը սուննի մահմեդական շարժումների հետ։ Ընդգծվում է, որ 2004-2007-ին տեղի են ունեցել սկզբունքային փոփոխություններ վերոնշյալ կուսակցությունների ու կազմակերպությունների կանոնադրական փաստաթղթերում, առկա է իսլամական կարգախոսների ուժեղացում։ Այս կապակցությամբ հետաքրքրություն են ներկայացնում 2001-03-ին տեղի ունեցած իրադարձությունները Ադրբեջանի Բալաքենդի շրջանում, որը սահմանակից է Վրաստանին ու Դաղստանին, բնակչության 55 տոկոսն էլ Դաղստանի ժողովուրդների ներկայացուցիչ է։ Ադրբեջանական ղեկավարությունը փորձեց այդ իրադարձությունները բնութագրել իբրև քրեածին ու քաղաքականության հետ առնչություն չունեցող։ Սակայն փաստ է, որ երեք տարի շարունակ Բալաքենդի ու Զաքաթալայի շրջաններում սկսվել էր դաղստանցիների էթնոկրոնական շարժում, հատկապես ընդգրկելով ավարներին։ Այդ իրադարձությունները կառավարվում էին Դաղստանից, կար առարկայական ֆինանսավորում, ցուցաբերվում էր քաղաքական ու բարոյական աջակցություն։ Նշված շարժմանը մասնակցելու փորձ է անում նաև սուննի մահմեդական հոգևորականությունը, առնվազն նրա առանձին ներկայացուցիչներ։ Ադրբեջանում ավելի ու ավելի է ընդգծվում իսլամական կազմակերպությունների հակաամերիկյան ուղղվածությունը։ Մասնավորապես, եղել են մի շարք ակցիաներ ընդդեմ Իրաքում ԱՄՆ-ի պատերազմի։ Անկասկած է, որ Իրանն առնչություն է ունեցել այդ ակցիաներին, սակայն չի բացառվում, որ իսլամիստների միջավայրում իսկապես աճել են հակաամերիկյան տրամադրությունները։
Քաղաքական գրականության մեջ Ադրբեջանի իսլամական վերածննդի հնարավորությունը գնահատվում է առավել անցավ` ԱՊՀ այլ երկրների համեմատ։ Երկրի բնակչության մեծ մասը ձևականորեն շիա մահմեդական է, սակայն շատ ուսումնասիրողներ ընդգծում են կրոնական տարբերակվածությունն ադրբեջանցիների զգալի հատվածում։ Անդրկովկասի մահմեդականների հոգևոր կառավարումն իրականացվում է Բաքվից` շեյխ ուլ-իսլամ Ալլաշյուքյուր Փաշազադեի կողմից, որը համակարգում է ոչ միայն շիա, այլև սուննի ուղղվածության մզկիթների գործունեությունը։ Բնակչության մեծամասնության կրոնական անգրագիտությունն օգտագործվում է որոշ թուրքական շրջանակների կողմից, որոնք երկու սուննի մզկիթներ են սկսել կառուցել Բաքվում։ Ավելին` ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով, Բաքվի մտավորականության որոշ մասի մոտ մոդայիկ է դարձել քրիստոնեություն ընդունելը, ընդ որում, ոչ թե ուղղափառ, այլ կաթոլիկ կամ բողոքական դավանանքի։ Փաստ, որի գոյությունն անհնար է պատկերացնել Կենտրոնական Ասիայի հետխորհրդային պետություններում։
Հարյուրավոր անչափահասներ Ադրբեջանից անօրինական ուղարկվում են Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նրանք ռազմական պատրաստականության դպրոց են անցնում։ Միաժամանակ երկրի հարավային շրջաններից (իրանալեզու Թալիշստանից և Մուղանից) առկա է անչափահաս տղաների զանգվածային հոսք դեպի Իրան։ Այդ տարածաշրջանում գործում է խմբավորում, որը զբաղված է թալիշական երեխաներին Իրան ուղարկելով, ուր նրանք հայտնվում են կրոնական դպրոցներում, որտեղ և անցնում են ուսուցում։ Այս երևույթը հատկապես լայն տարածում ունի Լերիկի, Ջալալաբադի, Յարդիմիլինի և Աստարայի շրջաններում։ Կրոնական կրթություն ստանալու համար Իրան են ուղարկվել հարյուրավոր երեխաներ, որոնք տեղափոխվում են սահմանային կետերը շրջանցելով։ Ծնողների խոստովանությամբ` երեխային Իրան ուղարկելու համար չի պահանջվում անգամ ծննդյան վկայական, և արդեն Իրանում նրանց վերցնում են ուսումնական հաստատության ներկայացուցիչները։ Որոշ ծնողներ նույնիսկ չգիտեն դպրոցի հասցեն, ուր «կրթվում են» իրենց երեխաները։ Անապահով ու բազմազավակ ընտանիքները հարավային շրջաններում միշտ չէ, որ կարող են հոգալ երեխաների նույնիսկ միջնակարգ կրթության մասին։ Այդ իսկ պատճառով երեխային արտասահման ուղարկելու հնարավորությունն ընդունվում է շնորհակալությամբ և առանց ավելորդ հարցերի։ Իրանը դարձել է ոչ միայն թալիշական հասարակությանը և շարժման ակտիվիստներին ձգող կենտրոն, այլև սկսել է ընկալվել իբրև «մեծ հայրենիք», որի հետ էլ կապվում են ապագայում ազատություն ստանալու, ազգային արժանապատվությունն ու մշակույթը պահպանելու, պետություն ստեղծելու հույսերը։ Ադրբեջանում բնակվում է մոտ 1,5 միլիոն թալիշ, ինչը կազմում է զանգվածային արտագաղթից հետո երկրում մնացած բնակչության առնվազն մեկ երրորդը։ Հարկ է նշել, որ իրանական հասարակության մեջ ավելի ու ավելի համոզված դիրքորոշումներ են հնչում այն «իրատեսական» քաղաքականությունը վերանայելու օգտին, որ Իրանը վարում էր Թալիշստանի հետ կապված։ Իրանական մտավորականները կոչ են անում Թալիշստանը չդիտարկել միայն իբրև Ադրբեջանի նկատմամբ ճնշման միջոց և իրանական ազգի այդ հատվածին ցուցաբերել ամենալայն աջակցություն, քանի որ նա գտնվում է օտար պետության կրնկի տակ։
Միևնույն ժամանակ, չնայած Ադրբեջանի քաղաքական ղեկավարության, քաղաքական և ինտելեկտուալ էլիտայի բացասական վերաբերմունքին իրանալեզու շրջանների իսլամացման հետ կապված, Իրանի ցուցաբերած օգնությունն ընկալվում է որպես պատմական հայրենիքից եկող աջակցություն։ Ներկայումս Իրանը չի փորձում արագացնել անջատողական գործընթացներն այս շրջաններում, քանի որ դա կարող է հանգեցնել խնդիրների իր սեփական տարածքում ու առիթ դառնալ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջամտության։ Սակայն ակնհայտ է, որ Բաքվին բոլորովին էլ ոչ լոյալ թալիշա-մուղանական նահանգն արդեն հիմա քաղաքական ու տնտեսական առումով տարաբաժանված է Բաքվից։ Իսլամական գաղափարների ներդրումը դարձել է թալիշների ու մուղանցիների ազգային շարժման կարևոր բաղադրիչ։ Կան հիմքեր ենթադրելու, որ Իրանը ձգտելու է Թալիշստանում ստեղծել փաստացի ինքնավարություն, հետո ձևավորել իրանա-թուրքական դուալիստական պետություն Ադրբեջանի տարածքում։ Իսկ այնուհետև կիսել երկիրն ու արգելապատնեշ ստեղծել նրա և իրանական Ադրբեջանի միջև։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այդ աշխարհաքաղաքական արգելապատնեշի մի մասն է։
Ներկայումս Ադրբեջանում առավել ակտիվացած է լեզգիական հիմնախնդիրը։ Դրա հիմքում առկա է այն հանգամանքը, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լեզգիաբնակ պատմական տարածքը սահմանով բաժանվեց Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև։ Բնականաբար, սահմանի առկայությունն արմատապես փոխեց էթնոմշակութային, սոցիալական ու տնտեսական չափորոշիչները լեզգիների պատմական տարածքում։ Որոշակի պարբերականությամբ Ադրբեջանի ԶԼՄ-ներում ի հայտ են գալիս հրապարակումներ լեզգիական «Սադվալ» հասարակական կազմակերպության իբր քայքայիչ գործունեության մասին։ Մասնավորապես տեղեկատվություն է տարածվում, որ լեզգիների այդ ազգային շարժումը պատրաստվում է պատերազմի «Մեծ Լեզգիստան» ստեղծելու համար Ադրբեջանի հյուսիսային և Դաղստանի հարավային տարածքների միացման ճանապարհով։ Հղում է արվում իբր արդեն տպագրված «Մեծ Լեզգիստանի» քարտեզներին, մամուլում հայտնվում է տեղեկատվություն, թե «Սադվալ» շարժումը ռազմաբազաներ ունի Դաղստանում և նույնիսկ հավանական է Ադրբեջանի դեմ պատերազմ սկսելը։ Բաքվի հատուկ մտահոգության առարկան է դարձել այն, որ այդ շարժման վերջին համագումարներից մեկի ժամանակ որոշ առաջնորդներ կրկին հռչակեցին լեզգիական պետության ստեղծման անհրաժեշտությունը, և այդ գաղափարն ունի բազմաթիվ հետևորդներ։
Ժամանակակից Դաղստանի քաղաքական իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ մարդիկ համախմբվում են տարբեր հասարակական կազմակերպությունների մեջ ազգային չափորոշիչից ելնելով։ Դաղստանում յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն, որպես կանոն, ներկայացնում է որևէ ազգի շահերը։ Հանրապետությունում, ուր ապրում են տասնյակ ժողովուրդներ, նույնիսկ պաշտոնական ընտրությունները երկրի խորհրդարանում անցկացվում են ազգային-տարածքային օկրուգների սկզբունքով։ «Սադվալ» շարժման որոշ առաջնորդներ մտադիր են օգտագործել քաղաքական կոնյունկտուրան իրենց հիմնարար ծրագրային դրույթները իրագործելու համար։ Սակայն Դաղստանի ղեկավարության ջանքերով, որը միշտ վերահսկում է իրավիճակը հանրապետության հարավում, նաև նույն «Սադվալի» բավական հավասարակշռված քաղաքականությունը միշտ էլ հնարավորություն է տրվել մարելու լարված իրավիճակները։ Ինչպես հայտնի է, Դաղստանի վարչակազմում, որպես կանոն, գերակշռում են ավարներն ու դարգինները, իսկ լակերն ու լեզգիները երկրորդական դերերում են։ Այդ իսկ պատճառով լեզգիների մեջ աճում են Ռուսաստանի կազմում առանձին ինքնավար հանրապետություն դառնալու տրամադրությունները։ Բազմիցս այս հարցը քննարկվել է նաև Պետական դումայի կոմիտեների հատուկ նիստերում` լակերի ու լեզգիների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կան նախանշաններ, որ առանձին հանրապետություն դառնալու գաղափարը ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր գործիչներից է բխել։
Բնականաբար, Դաղստանի իշխանությունները լեզգիական պետություն ստեղծելու «Սադվալ» շարժման ջանքերին չեն աջակցում, քանզի դա կնշանակեր տարածքային պահանջներ առաջադրել Ադրբեջանին։ Դաղստանի իշխանությունները ելնում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու թեզից` ենթադրելով, որ Ադրբեջանը չունի տարածքային վեճեր Ռուսաստանի հետ։ Սակայն ազգային-քաղաքական շարժումները դաղստանյան և ադրբեջանական բնակչության համատեղ բնակության գոտիներում չունեն նաև կրոնական բաղադրիչ։ Լեզգիներն ու այլ դաղստանյան ժողովուրդներ, հանդես գալով Ադրբեջանի խտրականության քաղաքականության դեմ, միաժամանակ մերժում են ինչ-որ իսլամական գաղափարների անհրաժեշտությունը։ Էթնոքաղաքական շարժումները Դաղստանում, ուղղված լինելով Ադրբեջանի դեմ, ինքնաբերաբար տարաբաժանված են նաև Թուրքիայից, այդ թվում` Հյուսիսային և Հարավային Կովկասում թուրքամետ իսլամական ծրագրերից։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2720

Մեկնաբանություններ